Մայրության և գեղեցկության տոնն ամենագեղեցիկն ու ամենանվիրականներից է, անշուշտ: Ու եթե որոշեք, որ սա շնորհավորական է, նվիրված անկրկնելի այս առիթին, ապա սխալված չեք լինի: Միգուցե շատերի համար այն նաև գերազանց առիթ է` ոչ միայն ծաղիկներ նվիրելու և շնորհավորելու, այլ, առաջին հերթին, վերաիմաստավորելու կանացի էությունը` լինի մայր, կին, քույր կամ պարզապես անծանոթ օրիորդ: Մենք կարիք ունենք վերընկալելու կանացի գեղեցկության ողջ հմայքը, կանացի մտածողությունն ու նրանից բխող էներգիան ու հնարավորությունները:
Միգուցե ոչ բոլորը գիտեն, որ Մայրության ու գեղեցկության միամսյակն առաջին հերթին կապված է Սուրբ Մարիամ Աստվածածնի անվան հետ: Առաքելական Եկեղեցին Սուրբ Կույսի տոնը նշում է անփոփոխ` ապրիլի 7-ին, երբ եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության արարողություն: Այդ օրը հայտնի է եղել նաև հեթանոսական Հայաստանում, որպես առավել սիրելի աստվածության` բեղմնավորման, բժշկության հովանավոր, միևնույն ժամանակ, ռազմի աստվածուհի Դիցամայր Անահիտի տոն: Եվ իրոք, միամսյակն, առաջին հերթին, մայրությանն է վերաբերում: Ծով բարության և չխամրող սիրո, արարման ու ներողամտության խորհուրդն է Մայրը, ու եթե Աստված, ապա Մայրը նրան ամենամոտն է կանգնած…
Ասում են, թե ոչինչ այնքան չի գեղեցկացնում կնոջը, որքան լավ ընտրված տղամարդը: Սա, իհարկե վերապահումներով, խոստովանում են կանայք: Յուրաքանչյուր «լավ ընտրված», խելացի տղամարդ սիրում է, երբ կողքին խելացի կին է լինում: Խելացի կինը նաև լավ ընկեր է, հետաքրքիր զրուցակից, արժեքավոր խորհրդատու: Ասում են, թե նման կնոջից անհնար է ակնկալել հարգանք պարզապես տղամարդ լինելու պատճառով: Նման հարգանքը կարելի է միայն վաստակել, այն էլ տևական ու հաստատուն ներկայության, վստահության շնորհիվ: «Կնոջ հետ անցկացրած ժամանակը միշտ էլ օգտակար է»,- կասեր Անդրե Մորուան: Իսկ Օնասիսը կավելացներ. «Առանց կանանց աշխարհի հարստությունները կիմաստազրկվեին, նրանք են արվեստագետների ոգեշնչման հիմնական աղբյուրը»:
Հանուն սիրելի կնոջ ոչ միայն կարելի է կյանքը տալ, այլ անգամ ամուսնանալ նրա հետ:
Եվ իհարկե, առիթը պետք է օգտագործել` խոսելու համար կանանց` հասարակության մեջ հավասար տեղ ունենալու մասին: Իհարկե հաճելի և ողջունելի է, որ հայերենում ի սկզբանե տղամարդու և կնոջ միջև հավասարությունը սկսվում է միևնույն անձնական դերանունով: Սակայն կյանքի մի շարք ոլորտներում այն այդպես էլ մնում է լեզվի, այլ ոչ թե մտածողության արդյունք: Կարծում եմ, որ ժամանակի, ինչպես նաև առկա գիտելիքի հանրայնորեն յուրացման արդյունքում միջսեռային հավասարությունը աստիճանաբար դառնում է ակնհայտ, երկար սպասված և ողջունելի իրականություն: Եվ այդ գործընթացին իրենց ուրույն աջակցությունն են ցուցաբերում նաև կին առաջնորդներն իրենց ակտիվ գործունեությամբ` հավասարապես և՛ ընտանեկան, և՛ հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներում: Միգուցե որոշ առանձին վերապահումներով, այն էլ փոխադարձ համաձայնությամբ ու ընհանուր գիտակցությամբ, բայց մենք պետք է միայն ողջունենք, աջակցենք և ավելացնենք կանանց մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Այն կարող է միայն բարելավել կյանքի որակն ու նվազեցնել առկա լարվածությունը, ստեղծել այլընտրանքային լուծումներ գտնելու համար անհրաժեշտ միջավայր, մի բան, որի կարիքն, ըստ իս, խորապես զգացվում է: Այս առումով Մայրության և գեղեցկության տոնը պետք է, որ լինի ոչ միայն բազմաթիվ շնորհավորանքների, այլ նախ և առաջ գեղեցիկի դերն ու նշանակությունը վերաիմաստավորելուն ուղղված միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու միամսյակ, պետականորեն հովանավորվող, կանանց դերն ու նշանակությունը հասարակական և քաղաքական կյանքում ավելացնելուն ուղղված աշխատանքների, նշանակումների, կանանց դեմ բռնությունն ու չարաշահումները կանխելուն ուղղված սեմինարների, ներկայացումների, կանանց խնդիրների մասին բարձրաձայնող, հասարակական գիտակցությունը բարձրացնող այլ միջոցառումների միամսյակ:
Եզրափակելով, իհարկե ամսվա ընթացքում հերթական անգամ, ջերմորեն և ի սրտե ցանկանում եմ շնորհավորել հայոց բոլոր մայրերին, կանանց և աղջիկներին: Մենք ձեզ հարգում ենք և գնահատում:
[…] եթե Աստված, ապա Մայրը նրան ամենամոտն է կանգնած…Կարդալ https://armenianleaders.wordpress.com/2012/03/15/mothers-beauty-day/ Share this:TwitterFacebookLike this:LikeBe the first to like this post. This entry was posted in […]