«Այսօրվա Ձեր գործած բարությունը
մարդիկ վաղը կմոռանան,
միևնույնն է՝ բարիք գործեք». Մայր Թերեզա
Ո՞վ է իրական առաջնորդը: Նա, ում ենթարկվո՞ մ են, ով ունի՞ հետևորդներ, հզոր բանակ, կատարել է այնպիսի գործեր, որոնցով անմահացել է պատմության մեջ, ում գաղափարները դառնո՞ւմ են իր անվան այցեքարտը: Հաճախ մեր նմանատիպ պատկերացումներն առաջնորդի կերպարն ասոցացնում են տղամարդկային, խիստ, հաճախ նաև բռանակալ էության հետ: Մայր Թերեզան կարողացավ ապացուցել հակառակը: Նա իր գթասրտությամբ, մարդկանց հանդեպ նվիրվածությամբ և հավատով նվաճեց ամբողջ աշխարհի սերը: Այդ սերը նրան մեծ ուժ տվեց` դարձնելով պատմության հզորագույն առաջնորդներից մեկը: Նա հավատում էր մարդկանց: Նա հավատում էր, որ մարդը ստեղծված է սիրո և բարության համար, ստեղծված է երջանկացնելու և երջանիկ լինելու համար:
Մայր Թերեզան (Ագնեսա Գոնջա Բոյաջիու) ծնվել է 1910 թվականին Մակեդոնիայում։ Մանկուց առանձնանում էր ռոմանտիկությամբ ու բարեպաշտությամբ, երգում էր եկեղեցական երգչախմբում, օգնում էր մայրիկին տան գործերում: Շատ երազանքներ ուներ. ցանկանում էր դառնալ գրող, հետո երաժիշտ, իսկ հետո` միսիոներ Աֆրիկայում: Վերջին երազանքն իրականացավ, միայն թե «սև» մայրցամաքի փոխարեն Ագնեսը հայտնվեց Հնդկաստանում: Ագնեսը 14 տարեկան էր, երբ հայրը մահացավ: Այս դեպքը ցնցեց ընտանիքը, սակայն նրա մայրը հավաքեց ուժերն ու սկսեց աշխատել: Կրտսեր դուստրը խնդրեց մոր օրհնությունը միանձնուհի դառնալու համար: Մայրը ցնցվել էր աղջկա ծրագրերից, սակայն, մի քանի օր մտորելուց հետո, ամեն դեպքում, տվեց իր օրհնությունը: Ավագ եղբայրը, ով սովորում էր Ավստրիայի ռազմական ակադեմիայում, իմանալով քրոջ որոշման մասին, նրան նամակ գրեց, որտեղ այդ որոշումը քմահաճույք կոչեց: Ագնեսը վրդովվեց. «Դու քեզ կարևոր ես զգում, որովհետև ծառայելու ես երկու միլիոն հպատակ ունեցող թագավորի՞: Ես ծառայելու եմ ողջ աշխարհի թագավորին»:
Թերեզա անունը ստացել է 1931 թվականին` ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ: Մայր Թերեզան կաթոլիկ եկեղեցու միանձնուհի էր, ով թույլտվություն ստացավ թողնել մենաստանը և ապրել ժողովրդի մեջ` օգնելու աղքատներին, լքյալներին և դժբախտներին, հիվանդներին և սովածներին: 1940-ականների վերջին նա ստեղծեց միանձնուհիների միաբանություն Կալկաթայում: Ապրելով Հնդկաստանի լքված ծայրամասերում` նա դպրոց է բացում աղքատ, որբ ու հաշմանդամ երեխաների համար, որոնք մեծացել էին աղբանոցներում ու հեռու էին մարդկային սիրուց ու գորովանքից: Նա չի սահմանափակվում միայն երեխաներով և դպրոցներ բացելով:
Հնդկաստանում հենց փողոցներում մահանում էին հազարավոր մարդիկ: Մայր Թերեզան սկսում է հոգ տանել նրանց մասին: Քաղաքային իշխանությունները նրան տրամադրում են հնդկական Կալի աստվածուհու լքված տաճարը, ուր նա տեղափոխում է աղքատներին և մահամերձներին: Այդպես ստեղծվում է մահացողների համար նախատեսված տունը, որտեղ մահացող մարդուն շրջապատում էին սիրով ու հոգատարությամբ, որպեսզի նա իրեն լիարժեք զգա կյանքի վերջին օրերին: Հետագայում հիմնադրում է «Գթասրտության Օրդեն»-ը, որը շարունակում էր օգնել աղքատ ու դժբախտության մեջ հայտնված մարդկանց ամբողջ աշխարհով մեկ։ Իր գործունեության համար Մայր Թերեզան ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այսօր աշխարհի 120 երկրներում գործում է 584 Մայր Թերեզայի կենտրոններ:
2003-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասեց երանելիների շարքը։
Մայր Թերեզայի 10 թեզերը
- Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:
- Եթե Դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է՝ բարություն գործեք:
- Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ ձգտեք հաջողության:
- Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միևնույնն է՝ մնացեք ազնիվ և անկեղծ:
- Այն, ինչը որ տարիներ շարունակ Դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույնն է՝ շարունակեք կառուցել:
- Եթե Դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույնն է՝ մնացեք երջանիկ:
- Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույնն է՝ բարիք գործեք:
- Կարևոր չէ թե ով և ինչ է խոսում Ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրանց ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը:
- Եթե Ձեր լավագույնը կիսեք մարդկանց հետ, մեկ է դա նրանց երբեք չի բավականացնի, միևնույնն է՝ շարունակեք կիսել նրանց հետ Ձեր լավագույնը:
- Աղոթեք միասին և մնացեք միաբան:
Եվ ի վերջո Դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և երբեք չի եղել Ձեր և մարդկանց միջև:
Leave a comment