ԵԱԴ թերթի հյուրն է Տիգրան Վարդապետյանը, ԵԱԴ 4-րդ սերնդի սան, ԵԱԴ ՍԱ շախմատի առաջնության կրկնակի չեմպիոն
Առաջնորդն, առաջին հերթին, մտածող մարդն է, և ոչ թե պարզապես մտածող, այլ՝ ռազմավարական մտածողություն ունեցող։ Իսկ ռազմավարական մտածողության ձևավորման լավագույն հարթակներից մեկը շախմատն է, ուր մտածված ու կարևոր է յուրաքանչյուր քայլը։ Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ԵԱԴ սաներից շատերը շախմատ են խաղում ու մրցում միմյանց հետ իրենց ուղեղների ճկունությամբ։ Այս հոդվածի հերոսը ԵԱԴ Սպորտային Ակումբի կողմից կազմակերպված շախմատային մրցաշարի կրկնակի չեմպիոն Տիգրան Վարդապետյանն է, ով ԵԱԴ 4-րդ սերնդի սան է, այժմ արդեն՝ շրջանավարտ։ «Առաջնորդների հետ խաղալիս միշտ էլ դժվար մրցակցություն է սպասվում, սակայն, միաժամանակ, ավելի հետաքրքիր: Մեծ պատիվ եմ համարում հաղթել այդ մրցաշարերում»,-ասում է Տիգրանը:
ԵԱԴ կրկնակի չեմպիոնը դեռ մանկուց է շախմատ խաղում, չնայած որ այնքան էլ երկար ժամանակ պրոֆեսիոնալչի զբաղվել այդ մարզաձևով։ «Ես ծնվել եմ շախմատային ընտանիքում:Միշտ սիրել եմ շախմատը և պարբերաբար մասնակցել եմ տարբեր թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ մրցաշարերի: Սակայն մեծ սեր շախմատի հանդեպ ինձ տվել է իմ պապը, որը շախմատի մեծ երկրպագու էր: Նրա ներդրումնէ եղել ամենամեծն ու ազդեցիկը»: Տիգրանը մարդու կյանքը չի նմանեցնում շախմատի, սակայն նշում է, որ շախմատը մեծ ունակություններ է զարգացնում մարդու մեջ, որոնք ողջ կյանքի ընթացքում պարբերաբար օգտագործում ես:
ԵԱԴ կրկնակի չեմպիոնը ծնվել ու ապրել է Երևանում։ Սովորել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետում, ստացել արժեթղթերի շուկայի մասնագետի կոչում։ Ծառայության է անցել ՀՀ Զինված Ուժերում, այնուհետև՝աշխատել Արմավիա ավիաընկերությունում, որպես կոմերցիոն բաժնի մենեջեր, իսկ այժմ աշխատում է Անահիտ Թրեվլ տուրիստական ընկերությունում։ ԵԱԴ-ում, ինչպեսև մեզանից շատերը, պատահաբար է հայտվել (կա մի յուրահատուկ նախախնամություն, որը բոլորիս այստեղ է բերում ու փոխում մեր կյանքը)։ Հենց այդպես էլ եղել է Տիգրանի հետ։ «Դասընթացների ավարտից հետո, երբ փորձեցի վերհիշել իմ անցած ուղին,ինձ մինչ հաճախելը, անկեղծ ասած, զարմացա J: Ինչպես հայերն են սիրում ասել. «Սար ու ձորի տարբերություն կար»: «Կարծում եմ ԵԱԴ–ի ամենամեծ առավելությունը նրանում է, որ ընդունելությունը շատ ազնիվ և դժվար է ընթանում, ինչի պատճառով հավաքվում են միայն ակտիվ և խոստումնալից երիտասարդներ: Դրանով իսկ մեծապես բարձրանում է դպրոցի վարկանիշը»,-ասում է Տիգրանը:
ԵԱԴ 4-րդ սերնդի սան, արդեն շրջանավարտ Տիգրանի կյանքի կարգախոսը ցանկացած ոլորտում առաջինը դառնալն է։ «Կյանքի տարբեր ոլորտներում տարբեր սկզբունքներով եմ առաջնորդվում: Ընտանիքում կարևորագույն սկզբունքները միասնությունն է և համերաշխությունը, աշխատանքային ոլորտում՝ թիմային աշխատանքը և կադրերի ճիշտ օգտագործումը, ընկերական շրջապատում՝ միմյանց սատարելը և միասին առաջադիմելը»:
Տիգրանը մի գերնպատակ ունի՝ թողնել այնպիսի անուն, որը կմնա պատմության մեջ, «իսկ երազանքս միակն է՝ ունենալ սեփական ընտանիք և երեխաներ»:
Հ.Գ. «Կցանկանայի ԵԱԴ-ականներին կոչ անել ձգտել լինել միշտ առաջինը, և մեծ ոգևորությամբ կսպասեմ այն օրվան, երբ ԵԱԴ ուսանողների միջոցով կձևավորվի ՀՀ կառավարությունը»:
Leave a comment