«Հիշի´ր քո Արարչին քո երիտասարդության օրերին…»
(Ժող. 12:1)
«Իրական առաջնորդը պետք է հասկանալ ու ներել կարողանա». առաջինը հենց սա են նշում ԵԱԴ 10-րդ հոսքի սաներ Աննա Նալբանդյանն ու Արսեն Սահակյանը` խոսելով առաջնորդի հոգևոր արժեհամակարգի մասին: Շուրջ 2 տարի առաջ էր, երբ իրենց փոքր
նախագծի ժամանակ ծանոթացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանի հետ ու հրավիրեցին ԵԱԴ` ուսանողների հետ հանդիպման: Հայր Վարդանի խոսքը մեծ ոգևորություն առաջացրեց նրանց մոտ, բազմաթիվ կարծրատիպեր կոտրվեցին, քանի որ շատերը մինչև այդ կանխակալ վերաբերմունք ունեին հոգևորականների նկատմամբ: Հենց այդտեղից էլ Աննայի և Արսենի մոտ ծնվեց ԵԱԴ-ում հոգևոր ծրագիր անելու գաղափարը: Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալով` 2010թ. դեկտեմբերի 21-ին սկսեցին «Առաջնորդի Հոգևոր Արժեհամակարգը» ծրագրի առաջին փուլը: Սկզբի համար շատ արդիական թեմաներ էին ընտրվել` «Առաջնորդը և ժամանակակից Հայ Եկեղեցին», «Կախարդություն, գուշակություն և մոգություն», «Աղոթք և Սուրբ Պատարագ», «Աղանդների գործունեությունը», «Ի՞նչ է ուխտագնացությունը, ինչու՞ են գնում ուխտագնացության»… և հենց փուլի վերջին դասին Հայրավանք ու Սևանի սբ. Առաքելոց վանք ուխտագնացության գնացին: Առաջին փուլի դասախոսությունները Գևորգ սարկավագ Ալավերդյանն էր վարում: Շուրջ 3 ամիս տևած այս փուլն ավարտեցին քննությամբ, որն անցկացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ՔԴԿ դահլիճում. 4 խմբի բաժանված`ծրագրի 14 մասնակիցները ներկայացրեցին 4 պատմական աշխարհիկ առաջնորդի՝ որպես հոգևոր արժեքների կրողներ:
Մեկամսյա դադարից հետո սկսվեց ԱՀԱ-ի երկրորդ փուլը` այս անգամ անդրադառնալով Հայ Եկեղեցու 7 խորհուրդներին`Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Պսակ Ամուսնության, Վերջին օծում կամ Կարգ հիվանդաց,
Ձեռնադրություն: Թեմաներն այս անգամ մեկնաբանում էին Մայր Աթոռի միաբան քահանաներն ու սարկավագները: Արդեն այդ ժամանակ ծրագրի հանդեպ հետաքրքրությունն այնքան էր մեծացել, որ նույնիսկ դուրս էր եկել ԵԱԴ սահմաններից: Արդյունքում երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն ստացան նաև ոչ ԵԱԴ-ականներ: Այս փուլը ծրագրի մասնակիցների համար շատ հիշարժան դարձավ. «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագրի հետ Սևանի Առաքելոց վանք ուխտագնացության ժամանակ մկրտվեց ծրագրի մասնակից Սյունե Հարությունյանը, նրա կնքահայրն էլ Գևորգ սարկավագը դարձավ: Մալաթիայի սբ. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հրավերով ԱՀԱ-ի մասնակիցներն օգոստոսի 13-ից 15-ը Տաթև ուխտագնացության գնացին, իսկ «ՄԱՆԱՆԱ»-ի հետ համագործակցությունը պարբերական դարձավ:
Ծրագրի երրորդ փուլը նվիրված էր Հիսուս Քրիստոսի առակների մեկնությանը: Շուրջ 4 ամից անց` 2011թ. դեկտեմբերի 21-ին` «ԱՀԱ»-ի մեկամյակի օրը, փուլի ամփոփիչ դասն էր, որը վարեց Տեր Շահե աբեղա Անանյանը:
Ամենակարևորը, որ մասնակիցներին տվեց ծրագիրը, հարազատանալու աստիճան միմյանց հետ մտերմանալն էր, մի մեծ ընտանիք դառնալը: Մտերմացել են նաև իրենց դասավանդած սարկավագների հետ, որոնց հետ կապը մինչև այժմ էլ պահպանում են: «Մենք բոլորս հոգևոր առումով տառաճանաչ ու ավելի գրագետ դարձանք: Ծրագրի սկզբում մասնակիցներից շատերն անգամ խաչակնքվել չգիտեին, իսկ հիմա արդեն նույնիսկ պատարագի կանոնները, հոգևորականներին դիմելու ճիշտ ձևերը և շատ այլ մանրամասներ գիտեն: Այս ընթացքում մեզ համար բացահայտեցինք Աստվածաշնչի Սիրաքի գիրքը. այն իսկական առաջնորդ է առաջնորդի համար»,-ասում են Արսենն ու Աննան:
Այն տպագիր նյութերը, որոնք հավաքվել են ծրագրի իրականացման 1 տարվա ընթացքում, շուտով կամփոփվեն` դառնալով ԵԱԴ-ի հոգևոր գրադարանը: Ծրագրի ապագա կայքում, որն արդեն պատրաստման ընթացքում է, ծրագրի գործունեությունը ներկայացնող նյութերից բացի կտեղադրվի նաև էլեկտրոնային գրականություն` հարմարեցված նույնիսկ հեռախոսով ընթերցելու համար: «Առաջնորդների Հոգևոր Արժեհամակարգը» ծրագիրը շարունակել Աննան, Արսենն ու Գևորգ սարկավագը պատրաստվում են, բայց նոր ձևաչափով ու ավելի մեծ ծավալով: Այժմ նախապատրաստական ու հստակեցման աշխատանքներ են տարվում, ծրագրի մեկնարկը հավանաբար ապրիլին կլինի:
Կեցցե՛ ԱՀԱ-ն….
)))))