Առաջնորդն այն մարդն է, ով պատրաստ է պատասխանատվություն կրել, օգնել իր թիմին և աշխատել թիմի հետ միասին։ Այսպիսին է առաջնորդին տեսնում ԵԱԴ 1-ին սերնդի սան, ԵԱԴ աշխատանքային թիմի անդամ Արմեն Ղուկասյանը։ «Իմ անձի համար ես առանորդ եմ, քանի որ կարողանում եմ, որոշակի նպատակ սահամանելով, առաջնորդել ինքս ինձ, գտնել ճիշտ ուղին և հասնել նպատակին»,- ասում է
նա։ «Առաջնորդն այն մարդն է, ով թիմային որոշման ժամանակ պատասխանատվություն է կրում ամբողջ թիմի համար։ Ձգտում է օգնել, աշխատել թիմի հետ։ Նա անում է այն, ինչին տիրապետում է և գիտակցում, որ թիմում դա կարող է բոլորից լավ անել»,- այսպիսին է առաջնորդին տեսնում Արմենը։
Նրա կյանքի ուղին շատ բազմազան ու հետաքրքիր է՝ ռադիոֆիզիկայից մինչև ֆինանսներ, սոցիոլոգիայից մինչև զինված ուժեր, տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև նախագծերի կառավարում։ Իսկ մանկության երազանքը ռեժիսոր դառնալն էր։ Կյանքի արժեքների մասին խոսելիս՝ Արմենը նշում է, որ մարդու համար ամենաթանկ բանը մարդն է։ «Եթե ընտրելու լինեմ կորցնել ընկերներին շահել բիզնեսը, թե պահել ընկերներին և կորցնել բիզնեսը, միանշանակ կընտրեմ երկրորդ տարբերակը։ Ինձ համար ընկերները, ընտանիքը ավելի կարևոր են, քան կարիերան։ Մարդը միշտ ավելի կարևոր է, քան փողը»։
Մարդկանց մեջ Արմենը կարևորում է ճկունությունը, հավատարմությունը, տրամաբանությունն ու նաև հումորը։ Ընդունում, բայց չի սիրում եսասեր մարդկանց, կարևորում է մարդկանց վստահությունը։ «Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները» հարցին առանց վայրկյան անգամ վարանելու պատասխանում է. «Միանշանակ ոչ, որովհետև…. Պարզ է, որովհետևի բան չկա»։
Արմենն իր կյանքում շատ մեծ տեղ է հատկացրել ԵԱԴ-ին, վերջինիս կայացմանն ու առաջընթացին։ Առաջնորդվելով այն սկզբունքով, որ չի կարելի միայն վերցնել, պետք է նաև սեփական ներդրումն ունենալ, նա ներդրել է ամենից թանկ բանը՝ իր ժամանակն ու ջանքերը։
«Դպրոցի նպատակն իսկզբանե երիտասարդներին ակտիվացնելն էր։ Այս տեսակետից դպրոցն իր նպատակին ծառայել է։ ԵԱԴ-ի շնորհիվ շատ խմբեր ձևավորվեցին, որոնք ակտիվացան, ծրագրեր իրականացրին, բացի այդ, ակտիվացան շատ անհատներ։ Շատերը դպրոցում
սկսեցին փոքր պրոեկտներ, որորնցից որոշները հետագայում վերաճեցին բիզնեսի»։ Դպրոցի կարևորագույն նշանակությունն Արմենը, ինչպես և ԵԱԴ գրեթե բոլոր սաները, տեսնում է ընկերական այն մեծ շրջապատի մեջ, որը ձեռք են բերում այստեղ։ «Մարդիկ կյանքի ընթացքում ընկերություն են անում իրենցից շատ տարբեր մարդկանց հետ, որոնց հետ կապում է կյանքը։ Իսկ ԵԱԴ-ում միմյանց հանդիպում են նույն գաղափարները կրող, նույն արժեքներն ունեցող մարդիկ։ Սա մեծ հնարավորություն է բոլորի համար հանդիպել այն մարդկանց, որոնք իրենց նման են»։
ԵԱԴ-ը պրակտիկ գիտելիքներ է տալիս իր սաներին, հնարավորություն է ընձեռում ձերբազատվել շատ վախերից և բացահայտել թաքնված ձիրքը։ Այստեղ երիտասարդները ստանում են պրակտիկ գիտելիքներ, որոնք չեն ստանում ուրիշ ոչ մի տեղ և, միաժամանակ, դրանք կիրառելու հարթակ են ունենում։ «Բոլորն էլ որոշակի աճ են ապրում դպրոցում։ Մենք համեմատվում ենք ոչ թե ուրիշների, այլ ինքներս մեր հետ անցյալում, հիմա ու փորձում ենք մեզ տեսնել ապագայում»։
Ամփոփելով զրույցն ու իր ուղին՝ Արմենը նշեց, որ կարևոր է հնարավորինս ազնիվ լինել կյանքում, ամեն ինչ անել հաճույքով և մարդ մնալ։ «Եթե նույնիսկ հասնես մեծ բարձունքների, միլիոններ դիզես, միևնույն է։ Հուլիոս Կեսարն աշխարհը գրավելուց հետո դատարկ ձեռքով գնաց, ոչ մեկս էլ որևէ բան չենք տանելու»։
Աննա Կարապետյան, ԵԱԴ 12-րդ հոսք
Երբ նյութի հերոսը ահավոր դրական է լինում, նյութ պարզապես Հրաշալի է ստացվում: Ապրես Աննա ջան:
Արմեն ջան, ես առանց քեզ ԵԱԴ-ն ուղղակի չեմ պատկերացնում…առաջնորդ, ընկեր և ամենակարևորը ՄԱՐԴ…
Մարդ մեծատառով, ով առհավետ մեր ընկերն է լինելու: Հպարտանում եմ Արմեն ջան, որ քեզ պես լավ ընկեր է կանգնած կողքիս: