Երիտասարդ առաջորդների դպրոցն այս տարի տոնում է իր հնգամյակը։ Հինգ տարիների ընթացքում այստեղ իրենց կյանքի ուղին են կերտել հարյուրավոր երիտասարդներ։ Ոմանք ԵԱԴ-ի շնորհիվ նոր աչքերով են նայել իրենց կյանքին ու հնարավորություններին, ոմանք շատ նոր գիտելիքներ են ստացել, ոմանք ինքնահաստատվել ու վստահություն են ձեռք բերել, իսկ ոմանք նաև գտել են իրենց կյանքի երկրորդ կեսին։ Փոքր չի եղել ԵԱԴ-ի ներդրումը մեզանից յուրաքանչյուրի կյանքում, փոքր չի ԵԱԴ-ի ներդրումը նաև Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերնդի դաստիարակության մեջ։ Այսպիսով, մենք փորձեցինք ԵԱԴ հիմնադիր ու ղեկավար Արտակ Շաքարյանի հետ ամփոփել այս հինգ տարիները և նախանշել դպրոցի զարգացման հետագա ուղին։
1. Արդեն հինգ տարի է, ինչ ԵԱԴ-ն ակտիվ գործունեություն է ծավալում։ Որքանո՞վ է հաջողվել իրականացնել ի սկզբանե դրված նպատակները և որքանո՞վ է այսօրվա ԵԱԴ-ը տարբերվում նախնական մտահղացումից։
Որոշ ոլորտներում գերազանցել ենք սպասելիքները, որոշ հարցերում հասկացել, որ գերագնահատել ենք մեր կարողությունները: Ի սկզբանե նպատակն էր միավորել ակտիվ երիտասարդներին, ովքեր կճանաչեն իրար, ընդհանուր գործ անելով կբացահայտեն միմյանց, և ի վերջո կստանան գիտելիքներ առաջնորդության, կառավարման ու հարակից բնագավառներում: Որպես
եռամսյա դասընթաց պլանավորված դպրոցն այսօր արդեն հինգ տարեկան է, գործում է ամեն օր, ունի երեք լսարան և անվճար հիմունքներով դասընթացներ է մատուցում տարեկան առավել քան հարյուր երիտասարդի: Հանդիպել ենք նաև խնդիրների: Հիմնական խնդիրը մտքերն ու պլանները կյանքի կոչելն է, ավելի շուտ թե՛ մեր բազմազբաղ երիտասարդների ժամանակը, թե՛ առկա ռեսուրսները մոբիլիզացնելը: Սրանից դրդված մենք որոշեցինք, որ Դպրոցի ավարտական վկայական կտանք միայն խոսքը գործի վերածած սաներին:
2. Կարո՞ղ եք առանձնացնել դպրոցի հինգ ամենամեծ նվաճումներն այս հինգ տարիների ընթացքում։
- Այսօր աշխատանքի ընդունվելիս ԵԱԴ անունը ճանաչվում է գործատուների կողմից, հարգանք ներշնչում, և բացահայտվել են նույնիսկ դեպքեր, երբ Դպրոցի հետ կապ չունեցող անձինք նշել են ԵԱԴ-ն իրենց կենսագրականներում, որպես դրական կետ:
- Ինչպես և ընդունված է հայկական շուկայում, մեզանից հետո բացվեցին նույնանուն մի քանի դպրոցներ, ինչը վկայում է շուկայում նոր միտում ստեղծելու մասին:
- Ամեն դեպքում մեր ամենապայծառ հաղթանակները մեր սաների անհատական հաղթանակներն են, երբ իրենք են խոստովանում, թե որքան են փոխվել շնորհիվ մեր գործի, թե որքան մեծ ավանդ է ունեցել Երիտասարդ առաջնորդների դպրոցն իրենց հաջողություններում ու նվաճումներում:
- Ռուսաստանից մինչև ԱՄՆ, Ալբանիայից մինչև Մեծ Բրիտանիա միջազգային փորձագետները մեջբերում են մեր փորձը ու հատուկ գալիս են Հայաստան կամ մեզ են կանչում իրենց երկիր սովորելու ու փորձ փոխանակելու: Մենք այլևս գիտելիք սպառող չենք, այլ գիտելիք արտադրող ենք:
- Այս տարի ՀՀ Պաշտպանության նախարարությունը դիմեց Դպրոցին՝ ստեղծելու Ռազմական առաջնորդության դասագիրք ՀՀ ռազմական ինստիտուտի համար:3. Ինչպիսի՞ն եք տեսնում ԵԱԴ-ի ապագան։ Ո՞րն է լինելու նրա առաքելությունը հետագայում։
ԵԱԴ-ը կցանկանայի տեսնել որպես սեփական բազմապրոֆիլ արտադրանք ունեցող կառույց, որը գուցե և տա միջազգային չափանիշներով ընդունված վկայական: Առաքելությունն է թե՛ անցյալում, թե՛ ներկայում, թե՛ ապագայում նպաստել Հայաստանի զարգացմանը՝ տալով մրցակցային առավելություն ներուժ ունեցող երիտասարդներին:
4. Ինչպիսի՞ն է երիտասարդ հայ առաջնորդն այսօր, որքանո՞վ է նա կարողանում օգտագործել իր պոտենցիալն ու ո՞րն է նրա տեղն այսօրվա հասարակության մեջ։
Երբ հարցը դիտարկում ես հայաստանյան պատուհանից, ապա տեսնում ես, որ ներուժ, խելք ու տոկունություն ունեցող երիտասարդը գտնում է իրեն ու առաջ է գնում: Թեև խնամի-ծանոթ-բարեկամ կապը այսօր դեռ գործում է, սակայն օր օրի՝ ըստ մեր շուկայի միջազգայնացման ընթացքի, երիտասարդը կարողանում է իրացնել իր գիտելիքներն առանց այլոց օժանդակության:
Սակայն երբ նույն իրավիճակին նայում ես արևմտյան ակնոցով, տեսնում ես, թե որքան աղքատիկ են մեր հնարավորությունները, ինչերի կարող էին մերոնք հասնել ու ինչից են հրաժարվում հայրենասիրաբար մնալով Հայաստանում:
Մեր հասարակությունում մինչև այսօր կան ապակե առաստաղներ երիտասարդների, ու հատկապես երիտասարդ կանանց համար, և, ցավոք սրտի, հայ երիտասարդն այսօր կարողանում է բացահայտել ու իրացնել իր ներուժի ընդամենը փոքրիկ մասնաբաժինը:
5. Հինգ խրատ կամ բարեմաղթանք Ձեզանից մեր հայ երիտասարդներին և մասնավորապես՝ հայ երիտասարդ առաջնորդներին։
Եղե՛ք համեստ:
Եղե՛ք նախաձեռնող:
Հիշե՛ք Ձեր առաջնայնությունների մասին:
Հիշե՛ք Ձեր առողջության մասին:
Ձեր հնարավորություններն իրականում սահման չունեն:
Ողջունում եմ Երիտասարդ առաջնորդների դպրոցը:
Կարևոր ներդրում ՀՀ երիտասարդության առաջխաղացման, համախմբման և հետագա կարևոր անելիքների հարցում:
Ողջունում եմ Երիտասարդ առաջնորդների դպրոցը և շնորհավորում 5 ամյակի կապակցությամբ:
Կարևոր ներդրում ՀՀ երիտասարդության առաջխաղացման, համախմբման և հետագա կարևոր անելիքների հարցում: