Կրեատիվ մտածելակերպ, սեփականը ստեղծելու համարձակություն, հավատ սեփական ուժերին ու ամուր թիմի կարևորություն. այս արժեքներն է իր սաներին տալիս ԵԱԴ-ը։ Ինչպես ցույց է տալիս նրանց հետագա կյանքն ու գործունեությունը, այդ արժեքներն ամուր հիմք են դառնում նրանց կյանքում ու տալիս իրենց արդյունքները։ Նման հաջողված պատմության օրինակ է ԵԱԴ տարբեր հոսքերի սաներից ձևավորված այն փոքրիկ թիմը, որն այսօր նոր շունչ է բերում հայ երիտասարդների կյանք՝ քարոզելով առողջ ապրելակերպի ու հետաքրքիր
ժամանցի համադրումը։ Նրանք այժմ երեքն են՝ ԵԱԴ 8-րդ հոսքի սան Արման Ավթանդիլյանը, ԵԱԴ 6-րդ հոսքի սան Լիլիթ Գևորգյանն ու ԵԱԴ 8-րդ հոսքի սան Կարեն Դերձյանը։
Ամեն ինչ սկսվեց շատ վաղուց, երբ ԵԱԴ-ում հանդիպեցին տարբեր հոսքերի սաներ, որոնք աստիճանաբար ընկերացան ու մի թիմ դարձան։ Ապա ծնվեց նրանց պրոեկտը՝ Մի կին-մի աշխարհ։ Այն ժամանակ թիմը բաղկացած էր 5-6 հոգուց, թիմում ներգրավված էին նաև Մաքրուհի Սինանյանը, Շուշան Հարությունյանն ու Աննա Եղոյանը: Եվ նրանց ջանքերով կարճ ժամանակում մեծ գործ արվեց: «Այդ պրոեկտն իմ համար շատ մեծ փորձ էր։ Կարճ ժամանակահատվածում կարողացանք մեծ աշխատանք անել։ Այդ ընթացքում մի քանի անգամ ենք հանդիպել, նույնիսկ եղել ենք տարբեր երկրներում։ Այդ ամենը մեր մեջ հատուկ վստահություն ու շնորհակալության զգացում ձևավորեց»,- ասում է թիմի անդամ Լիլիթ Գևորգյանը։ Աստիճանաբար փոխադարձ վստահությունն ու կապն այնքան ամրապնդվեցին, որ ինչպես իրենք են խոստովանում, նրանք մի ամբողջություն դարձան, միասնական մի թիմ, որտեղ շատ մեծ է ներդաշնակությունը։
Շուտով երիտասարդները ձեռնամուխ եղան ԷկոԼեդ կազմակերպության հիմնադրմանը, որը զբաղվում էր էկոլոգիապես մաքուր և տնտեսող լամպերի ներկրմամբ։ «Թիմն ավելի մեծ էր, սակայն այս պահի դրությամբ թիմի անդամ Մաքրուհի Սինանյանը Հայաստանում չէ, իսկ Շուշան Հարությունյանն էլ խիստ զբաղված է աշխատանքային և ուսումնական հարցերով։ Արդյունքում, մենք մնացինք երեքով և որոշեցինք հենց երեքով էլ ստեղծել այս ամենը։ Թիմը ձևավորվեց շատ արագ, հստակ որոշմամբ ու փոխադարձ վստահության վրա»,- պատմում է Կարեն Դերձյանը։
«Աստիճանաբար սկսեցինք մտնել բնապահպանական գործընթացի մեջ, ստեղծվեց էկոլոգիապես մաքուր փաբ ունենալու գաղափարը»,-Արման Ավթանդիլյան։ Խնդիրը հետևյալն էր՝ այն մարդիկ, որոնք գնում են որևէ փաբ, դուրս են գալիս ծխահարված, ինչը բերում է նրան, որ շատերը սկսում են չգնալ փաբ։ Ինչպես նշում է Լիլիթը. «Մենք ինքներս ունենք շատ ընկերներ, որոնք չէին գնում փաբեր ու նման ժամանցի այլ վայրեր զուտ ծխախոտի հոտի ու առողջութան վնասի համար։ Ծխախոտը միայն հոտը չէ, այն նաև շատ վնաս է առողջութանը, երբ կողքիդ ծխում են»։ Սակայն գաղափարը միայն չծխելը չէր։ ԷկոՓԱԲ ասելով չենք հասկանում միայն տարածք, որտեղ չեն ծխում, բացի սովորական ճաշացանկից այստեղ կա նաև հատուկ «Էկոմենյու», որտեղ ներառված են օրգանիկ թեյեր, օրգանիկ սուրճ, կաթ, մեղր և այլն, որոնք օգտակար և ոչ այնքան թանկ են, որքան շատերը պատկերացնում են։ «Գաղափարն էր ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ ոչ միայն չեն ծխի, այլև առողջարար սնունդ կուտեն»,- հավելում է Լիլիթը։
Միջավայրը ևս քարոզում է առողջ ապրելակերպ, հանկարծակի չէ, որ այստեղ դուք կտեսնեք ստոուբորդ, կկարողանաք խաղալ
ինտելեկտուալ խաղեր, շաշկի, գլուխկոտրուկներ լուծել, մասնակցել կոկտեյլների պատրաստմանը, ավելացնել դիզայնի ձեր ցանկացած տարրերը և, որ ամենակարևորն է, լսել լավ երաժշտություն։ «Ինչն է լավ, որ ո՛չ ես, ո՛չ Լիլիթը, ո՛չ Կարենը չենք ծխում։ Ես ժամանակին ծխել եմ, այժմ ընդհանրապես չեմ ծխում, մենք ողջունում ենք առողջ ապրելակերպը և ինքներս հետևում ենք մեր իսկ «կանոններին»,- ասում է Արմանը։
Առաջին հայացքից շատ հետաքրքիր ու անհամադրելի է թվում ԷկոՓԱԲ արտահայտությունը, քանի որ փաբը շատերի մոտ ասոցացվում է ծխի, ալկոհոլի հետ։ «Մենք որոշեցինք ստեղծել մի վայր, որը լինի փաբ իր էությամբ, որտեղ գան երիտասարդներ, լսեն երաժշտություն, խմեն ալկոհոլային խմիչքներ, բայց չծխեն։ Որոշել ենք համադրել այդ երկու գաղափարները և մինչև վերջ հավատարիմ կմնանք մեր գափարին»,- նշում են թիմի անդամները։
ԵԱԴ սաները մեծ ջանք ու եռանդ են դրել իրենց գործի մեջ, իդեպ, փաբում ամեն ինչ սարքված է նրանց ձեռքերով, նույնիսկ սեղաններն ու աթոռները։ Նրանք ունեն գաղափար, ունեն վստահություն սեփական ուժերին ու հավատում են հաջողությանը։ Հաջողակ երիտասարդի համար կարևոր է ոչ միայն հաջողակ աշխատանքն ու ուսումը, այլև ճիշտ կազմակերպված ժամանցն ու առողջ ապրելակերպը, այս սկզբունքով են առաջնորդվում 21-րդ դարի հայ երիտասարդ առաջնորդները։
Աննա Կարապետյան, ԵԱԴ 12-րդ հոսք